Էժենի Բուշարը կատարեց խոստումն ու գնաց ժամադրության
Կանադուհի թենիսիստուհի Էժենի Բուշարը հավատարիմ է մնացել իր խոստմանն ու հանդիպել է երկրպագուի հետ, ում տանուլ էր տվել գրազը:
Հիշեցնենք, որ թենիսիստուհին գրել էր, թե ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ»-«Ատլանտա» հանդիպումը կավարտվի «Ատլանտայի» հաղթանակով: Երկրպագուներից մեկն առիթը բաց չէր թողել և պատասխանել էր, որ հակառակ դեպքում Էժենին կգնա՞ իր հետ հանդիպման, ինչին կանադուհին տվել էր իր համաձայնությունն ու պարտվել:
Ինչպես տեղեկացնում է life.ru-ն, 22-ամյա Բուշարը խոսքի տերն է եղել ու Ջո Գերկեի հետ միասին գնացել է բասկետբոլի «Բրուկլին»-«Միլուոկի» հանդիպումը դիտելու: Լուսանկարից կարելի է դատել, որ թենիսիստուհին գոհ է, թեև մինչ այդ հույս էր հայտնել, որ երկրպագուն ջենթլմեն կգտնվի և իր համար հետաքրքիր երեկո կկազմակերպի: