Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը: Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստ: Ստուգատեսը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին:
Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ` «Գրան պրին» բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն 18 շախմատիստներ, որոնց թվում է նաև հայ գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը: