Կկայանա պետական կարգավիճակ ստացած «Արտ Սինեմա» անսամբլի համերգը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 19-ին տեղի կունենա Մենակատարների պետական անսամբլ-«Արտ Սինեմա» դաշնամուրային կվարտետի առաջին համերգը: «Արտ Սինեմա» անսամբլը ստեղծվել է 2010 թվականին խմբի առաջին ջութակահար Աշոտ Խոյեցյանի նախաձեռնությամբ, պետական կարգավիճակ է ստացել այս տարի: Լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Խոյեցյանը նշեց, որ փետրվարի 19-ի համերգին սպասվում է հետաքրքիր ծրագիր. կհնչի հայկական ֆիլմերից երաժշտություններ՝ հեղինակած Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Առնո Բաբաջանյանի կողմից, ինչպես նաև համաշխարհային կինոկոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանի ներկայացմամբ, «Արտ Սինեմա»-ն կատարում է կինոերաժշտություն դասական ոճի մեջ` ցանկում ընդգրկելով թե հայկական, թե արտասահմանյան ֆիլմերի երաժշտություն: Նրա խոսքով, հաշվի առնելով խմբի երկար տարիների փորձը, վաստակը, առաջարկվել էր միանալ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում գործող Մենակատարների պետական անսամբլ անունը կրող խմբին, այսպիսով «Արտ սինեմա» անսամբլը ստացավ պետական կարգավիճակ:
Խմբի անդամների տեղեկացմամբ, այս տարվա ընթացքում համերգներ են ունեալու մարզերում, նաև արտասահմանում:
Խմբի անդամներն են՝ Աշոտ Խոյեցյան՝ առաջին ջութակ, Հայկ Վարդանյան՝ երկրորդ ջութակ, Լևոն Առաքելյան՝ թավջութակ, Կարեն Սարաֆյան՝դաշնամուր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում