Թուրքիան կհավակնի «Եվրո-2024»-ի տանտիրոջ դերին
Թուրքական ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է հայտ ներկայացնել՝ Եվրոպայի 2024 թ. առաջնության անցկացման համար։
Հարկ է նշել, որ ավելի վաղ Թուրքիան անհաջող պայքար է մղել մայրցամաքային երեք մրցաշարի կազմակերպման իրավունքի համար՝ 2008, 2012 և 2016 թթ.։ Այդ երկրի ֆուտբոլային գերատեսչությունը նաև հետ է կանչել Ստամբուլի թեկնածությունը «Եվրո-2020»-ից։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Թուրքական ֆեդերացիայի նախագահ Յիլդիրիմ Դեմիրոնենը հաստատել է, որ Թուրքիան կմասնակցի «Եվրո-2024»-ի անցկացման վայրի ընտրություններին, որոնք կկայանան հաջորդ տարի։ Նա նաև նշել է, որ ԹՖՖ-ն համապատասխան հայտն ՈՒԵՖԱ-ին կներկայացնի մարտի 2-ին։
Արդեն հիմա Թուրքիայի ֆուտբոլային ենթակառուցվածքները լիարժեք համապատասխանում են մայրցամաքային առաջնության կազմակերպման չափանիշներին։ ԹՖՖ-ի տրամադրության տակ են Աթաթուրքի «Օլիմպիական» մարզադաշտը՝ 76 հազար տեղով, ինչպես նաև 50 հազար տեղանոց երկու, 40 հազար տեղանոց երեք և 30 հազար տեղանոց չորս մարզադաշտ։
Ավելացնենք, որ հունվարին «Եվրո-2024»-ի համար հայտի ներկայացման որոշում է կայացրել Գերմանիան։