
Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրին:
Վարչապետի խոսքերով՝ մեր երկիրը թե զբոսաշրջիկների, թե ներդրողների համար գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը: Այդ իսկ պատճառով, ըստ Կարեն Կարապետյանի, մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
«Հանձնարարում եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր սուբյեկտի, գերատեսչությունների, համայնքների, քաղաքացիների պատասխանատվության շրջանակը»,- ասաց վարչապետը:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը հանձնարարեց հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման՝ գործընթացին ընդգրկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը, բնապահպանության ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին: