Պաշտպանը այցելել է «Սասնա ծռերի» անդամներին
Այսօր, փետրվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և Թաթուլ Թամրազյանին։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Ըստ աղբյուրի, Պաշտպանը ուսումնասիրել է նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:
Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հետ կապված առանձին հարցեր աշխատանքային կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում։
Պաշտպանը տեսակցել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել նրա առողջական վիճակը և բուժօգնության կազմակերպան հետ կապված հարցերը:
Հարկ է ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները 2017 թվականի փետրվարի 10-ից սկսած մի շարք այցեր են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել հացադուլում գտնվող Արթուր Սարգսյանին, մանրամասն ուսումնասիրել նրա բժշկական օգնության տրամադրման և պահման պայմաններին առնչվող հարցերը, որի արդյունքում արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:
Այցի ընթացքում Արթուր Սարգսյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց ուսումնասիրության արդյունքներով համապատասխան գրություններ են պատրաստվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արամ Մանուկյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Թաթուլ Թամրազյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և իրավունքների ապահովման հարցերը մնում են Պաշտպանի անմիջական հսկողության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին