Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը
Այսօր մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը: Այս տարվա օգոստոսին նա կդառնար 90 տարեկան:
«Կերպարվեստ» պարբերականի գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանը Panorama.am-ին ասաց, որ Ս. Անդրանիրկյանը մեծ ճանապարհ է անցել կինոյի, թատրոնի նկարչության բնագավառում, լուրջ ժառանգություն է թողնել այդ բնագավառներում:
«Պատահական չէ, որ ստացել է ժողովրդական նկարչի կոչում, թեև երբեք չի ձգտել կոչումներ ի տարբերություն ոմանց: Նրան տրվել է այդ կոչումն իր վաստակի համար»,- ասաց նա:
Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականին,Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում՝ ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքում։ Հայրը Բիթլիսի Խնուս գյուղից էր, մայրը՝ Կարս քաղաքից։ Մինչև յոթ տարեկանը Ստեփանը պապի և տատի հետ ապրել է Յալթայում։ 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երևան։ 1942-1947 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, 1947-1948 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում, որն ավարտել է 1954 թվականին, վերադարձել Հայաստան, աշխատել որպես կինոնկարիչ։ 1954 թվականին գործուղվել է «Լենֆիլմ», ապա հրավեր ստացել աշխատելու «Հայֆիլմում»։ 1956 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության անդամ է, 1958 թվականից՝ ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության անդամ։ 1971-1982 թթ. եղել է մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավար։ 1975-1982 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1988 թվականից՝ թատրոնի և կինոյի բաժանմունքի նախագահ։ 1980-1986 թթ և 1999 թվականից դասավանդել է ԵԹԿՊԻ-ում:
1954 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Արժանացել է միջազգային և համամիութենական մրցանակների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1978, 1982, 2003, 2014): Ստեփան Անդրանիկյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Նա եղել է «Նռան գույնը», «Երկունք», «Մենք ենք, մեր սարերը», Հեղնար աղբյուր», «Տժվժիկ», «Կարոտ» և այլ հայտնի ֆիլմի, նաև «Կախարդական լավաշը», « Վին պինգվինը», «Անընկճելին» և այլ մուլտֆիլմերի բեմադրող նկարիչը:
«Մուլտֆիլմերն ինձ առանձնահատուկ բավականություն էին պատճառում: Մուլտիպլիկացիայում նկարիչը, ռեժիսորը մենակ է: Ինքը հնարավորություն ունի լիարժեք ստեղծագործելու: Բացի այդ կարողացա ստեղծել հայ մուլտիպլակատորներ, կադրեր: …
Կինոն, իհարկե, շատ բան խլեց ինձնից գեղանկարչությամբ զբաղվելու համար՝ և ժամանակ, և ուժ, և կարողություն: Բայց մյուս կողմից կինոն ինձ շատ օգնեց՝ գեղանկարաչության մեջ մտցրեց դինամիկա: Ամենակարևորն այն է, որ ես չդավաճանեցի գեղանկարին: Ասում են գեղանկարը նման է խանդոտ կնոջը, եթե իրեն լավ չես վերաբերվում, նեղանում է, խռովում է: Ես չեմ թողնի, որ գեղանկարն ինձնից խռովի» (աղբյուրը՝ ShoghakatTV):