Գաբուզյանը հաղթեց ադրբեջանցուն, հետո պարտվեց սլովակ շախմատիստին
Իրանում անցկացվող «Ֆիրդուսի գավաթ» շախմատի միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 4-րդ և 5-րդ տուրի հանդիպումները։ 4-րդ տուրը հաղթական էր և Հովհաննես Գաբուզյանի, և Հրայր Սիմոնյանի համար: Գաբուզյանը տոնել է 4-րդ անընդմեջ հաղթանակը. նրա մրցակիցն էր ադրբեջանցի միջազգային վարպետ Լոգման Գուլիևը: Հրայր Սիմոնյանն առավելության է հասել Իրանը ներկայացնող Արման Շահզամանի նկատմամբ:
5-րդ տուրում Հովհաննեսը պարտություն է կրել գրոսմայստեր սլովակ Միլան Պաչերից, իսկ Հրայրն իր պարտիան հաղթանակով է ավարտել Անդա Սաֆրանսկայի հետ պայքարում:
Այսպիսով` 5-րդ տուրից հետո «Ֆիրդուսի գավաթ» մրցաշարը գլխավորում են միանգամից 5 շախմատիստներ` վաստակած 5 միավորով։ Նրանց հաջորդում է 9 մասնակից՝ 4․5 միավորով, որոնց թվում է նաև Հրայր Սիմոնյանը։ Իսկ Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով 17-րդն է։
Այսօր երեկոյան տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները։ Հրայր Սիմոնյանը կմրցի Մերապ Գագունաշվիլիի, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Կիան Մաշմուլիի հետ։