Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
Հայաստանի կոմունիստական կուսակցության նկատմամբ հանրապետության վերաբերմունքը ևս մեկ անգամ եկավ ասելու, որ մենք պարտավոր ենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Կարծում ենք, որ 2017 թվականի ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Կոմկուսը ոտք է դրել Ազգային ժողով»,-նշեց նա:
Նրա խոսքով, եթե ԱԺ-ում չի հնչում Կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը, ապա խորհրդարանն ուղղակիորեն կաղում է երկու ոտքով:
«ՀՀ-ն դարձել է ԵԱՏՄ անդամ, որի մեջ կան հանրապետություններ, որտեղ կոմունիստական կուսակցությունները հաջողությամբ կարողանում են իրենց ընդդիմադիր կեցվածքով իշխանություններին օգտակար լինել: Մեր պատգամավորության թեկնածուներն այն մարդիկ են, ովքեր իրենց գրպանում 30-40 տարի շարունակ պահել են կուսակցական քարտը: Մեզ հետ են արդյունաբերության, կրթության, գիտության, մշակութային կազմակերպության ներկայացուցիչներ: Մեր ցուցակը բազմաշերտ է»,-ասաց նա:
Տաճատ Սարգսյանը հիշեցրեց, որ երեկ ԿԸՀ հանձնեցին իրենց ցուցակը՝ բաղկացած 173 հոգուց, տարածքային ցուցակներում 164 թեկնածու ունեն:
«115 տարվա կուսակցություն ենք, մեր պատմությունը գալիս է շատ խորքից, մենք ունենք սեփական գաղափարախոսություն: Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա, մարդիկ միավորվում են, դաշինք են ստեղծում, առանց գաղափարախոսության նույնության, միայն ու միայն խորհրդարանում հայտնվելու համար, իսկ ժողովրդին գցում են թյուրիմացության մեջ: Ինչպե՞ս կարող է երեկվա իշխանության մեջ կարևոր դերակատարություն ունեցող անձնավորությունը մի օր հետո դառնալ ընդդիմություն, այդպիսի բան չի կարող լինել: Մենք դեմ ենք նման ընդդիմությանը: Մեր հանրապետությունում կան շատ թերություններ, պետք է փոխել աշխատաձևը և գիտության, և տնտեսության, և քաղաքական կյանքում»,-մտահոգություն հայտնեց կոմկուսի առաջին քարտուղարը:
Նշենք, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում են Տաճատ Սարգսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության կարգախոսն է՝ «Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը»:
Հարակից հրապարակումներ`
- «Անպայման խմբակցություն ունենալ խորհրդարանում». ԿԸՀ ներկայացան կոմունիստները
- Կոմկուսը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան