Ալիկ Միրզաբեկյանի և մյուսների պաշտոնանկությանը դեմ եմ եղել. Սեյրան Օհանյան
«Իհարկե, կառավարման առումով որոշակի թերացումներ, որոշակի սխալներ ես էլ ունեցել եմ և երբևիցե չեմ ասել, որ սխալներ չունեմ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանական համակարգում բացահայտված թերություններում իր մեղքի բաժինն ունեցել է։
Նա ներկայացրեց, որ ապրիլյան զինված գործողությունները Հայաստանի զինված ուժերի ու պաշտպանության բանակի համար հերոսամարտ կարելի է համարել, որոնց մասին փորձագիտական եզրակացություններ կարող են տալ ռազմական փորձագետները։
«Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ բացահայտեցինք որոշ սխալներ, որոնց հիմնական ուղղվածությունը որոշ հատվածներում կառավարման համակարգի և նաև գործողությունների խնդիրներ էին։ Ինչ վերաբերում է նյութատեխնիկական ապահովման հարցերին, ես գտնում եմ, որ այսօր Պաշտպանության բանակը համապատասխան ապահովվածություն ունի անհրաժեշտության դեպքում հակահարձակողական մարտական գործողություններ իրականացնելու համար։
Այլ բան է, որ մենք զինված ուժերի զարգացման պլանով ունենք ժամանակացույցեր, որի համաձայն ենք, իրականացնում էինք համալրումը։ Բայց միևնույն ժամանակ, այդ իրադարձություններից հետո պաշտոնանկություններին դեմ եմ եղել, որովհետև այդ պաշտոնանկությունները ցույց են տվել հետևյալը՝ և կապի, և հետախուզության ոլորտում զինված ուժերն իրենց առջև դրած խնդիրները իրականացրել են։ Իսկ նյութատեխնիկական խնդիրների ապահովման առումով նույն պարոն Միրզաբեկյանը բավականին լուրջ աշխատանք է տարել երկար տարիների ընթացքում այդ ոլորտում արդարություն մտցնելու համար և չեմ կարծում, թե բանակն է այն կառույցը, որը պետք է թիրախավորել որպես կոռուպցիոն ռիսկերի, կաշառակերության տեղ», -հավելեց Օհանյանը։
Նշենք, որ խոսքը Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի մասին, որը ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի նախկին պետն էր և ապրիլյան իրադարձություններից հետո պաշտոնանկ եղավ։ Բացի Միրզաբեկյանից, ապրիլյան իրադարձություններից հետո պաշտոնանկ եղավ նաևր ՊՆ Կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության նախկին պետ Կոմիտաս Մուրադյանը։ Ձերբակալվել էին ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը և գնդապետներ Արմեն Մարգարյանն ու Մհեր Պապյանը։
Նա մանրամասն ներկայացրեց մի քանի սխալներ, որոնք գրանցվել են իր՝ պաշտպանության նախարար եղած տարիներին.
«Միգուցե իմ հարցապնդումներին հետևողական չեմ եղել՝ հաջողության հասնելու համար, երկրորդ սխալը այն էր, որ երկարատև վերլուծությունից հետո միգուցե ժամանակին չեմ ասել, որ տվյալ համակարգից պետք է դուրս գամ ու ինքնուրույն որոշում ընդունեմ և երրորդը՝ իհարկե, մասնագիտական առումով իմ կոլեկտիվը համապատասխան մակարդակն ունեցել է, միգուցե վերահսկողական թերացումներ ծառայության տարբեր ուղղությունների նկատմամբ ունեցել եմ։ Այս երեք թերությունները կարող եմ ասել, որ ունեցել եմ և դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարել եմ»։