Մեմովիչ. «Կիպրոսյան հավաքից հետո 100 տոկոսով պատրաստ կլինենք առաջնության վերսկսմանը»
«Գանձասար-Կապանը» շարունակում է Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնել` նախապատրաստվելով առաջնության գարնանային հատվածին: Կիպրոսում թիմն անցկացրել է ստուգողական առաջին հանդիպումը` մրցելով Լատվիայի 6-ակի չեմպիոն և նախորդ առաջնության 3-րդ մրցանակակիր «Վենտսպիլսի» հետ: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Ակումբի լրատվության բաժինը զրուցել է թիմի ազգությամբ սերբ պաշտպան Դամիր Մեմովիչի հետ և խոսել այն մասին, թե ինչ հունով է ընթանում կիպրոսյան հավաքը։
«Վենտսպիլսի» հետ ստուգողական հանդիպումը շատ կարևոր էր «Գանձասար-Կապանի» համար։ Արդյունքը նշանակություն չունի, կարևորը խաղալն է՝ փորձ ձեռք բերելը, լավ մարզավիճակի հասնելը։ Այս խաղերը նաև օգտակար են ֆուտբոլիստների համագործակցության տեսանկյունից, ավելի լավ ենք հասկանում միմյանց։ «Վենսպիլսի» մասին միայն դրականը կարող եմ ասել։ Շատ լավ թիմ էր, բայց «Գանձասար-Կապանը» նրանցից լավ խաղաց։ Նախորդ տարվա համեմատ հիմա ավելի լավ մարզավիճակում ենք։ Թիմի բոլոր տղաները ջանասիրաբար մարզվում են։
Կիպրոսում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Այստեղ ստեղծված են լավ պայմաններ ֆուտբոլային հավաք անցկացնելու համար։ Ամեն ինչ լավ է, թե՛ հյուրանոցը, թե՛ ուտելիքը, թե՛ մարզումների համար նախատեսված մարզադաշտերը։ Կարծում եմ, որ Կիպրոսից հետո «Գանձասար-Կապանը» 100 տոկոսով պատրաստ կլինի առաջնության վերսկսմանը, ինչպես նաև ունակ կլինի գրանցելու լավ արդյունքներ ու նոր հաղթանակներ»,- ասել է Մեմովիչը։