Հայտնի դարձան աշխարհի կանանց առաջնության երրորդ փուլի բոլոր մասնակիցների անունները
Փետրվարի 16-ին Թեհրանում տեղի ունեցավ աշխարհի կանանց առաջնության երկրորդ փուլի թայ-բրեյքը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։ Այն շախմատիստուհիները, ովքեր իրենց դասական շախմատի հանդիպումներն ավարտել էին 1։1 հաշվով, պետք է խաղային 2 պարտիա 25 րոպե + 10 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից, եթե այստեղ հաշիվը նույնպես լիներ հավասար, կխաղարկվեր ևս 2 պարտիա, արդեն այլ ժամակարգով` 10 րոպե + 10 վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից, կրկին հավասար հաշվի դեպքում` ևս 2 պարտիա` 5 րոպե + 3 վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից, եթե այստեղ ևս գրանցվեր ոչ-ոքի, ապա կխաղարկվեր Արմագեդոն, որտեղ սպիտակներին կտրվեր 5 րոպե, սևերին `4 րոպե, իսկ 61-րդ քայլից սկսած՝ յուրաքանչյուր քայլի համար կավելացվեր 3 վայրկյան, սակայն այս պարտիայում սպիտակներով խաղացողը պետք է պարտադիր հաղթեր, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող էր դառնում սևերով խաղացողը:
Երկրորդ փուլի 16 մրցախաղից 9-ում հաղթողներին որոշելու համար հարկ եղավ խաղարկել լրացուցիչ պարտիաներ։ Թայ-բրեյքում իրենց մրցակիցներից ուժեղ գտնվեցին Ալեքսանդրա Կոստենյուկը, Հարիկա Դրոնավալին, Անտուանետա Ստեֆանովան, Պադմինի Ռութը, Տան Չժունչին, Նինո Խուրցիձեն, Նատալյա Պոգոնինան, Սոֆիկո Գուրամիշվիլին և Պիա Կրամլինգը:
Ամենալարվածը ստացվեցին Աննա Ուշենինա – Տան Չժունչի և Նինո Խուրցիձե-Նինո Բացիաշվիլի մրցախաղերը. երկու դեպքում էլ հաղթողին որոշելու համար խաղարկվեցին Արմագեդոն պարտիաներ: Լարված ընթացք ունեցած պարտիաներում Տան Չժունչիի և Նինո Խուրցիձեի նյարդերն ավելի ուժեղ գտնվեցին, և հենց նրանք նվաճեցին երրորդ փուլի ուղեգրեր:
Երրորդ փուլի մրցախաղեր
Ցզյու Վենցզյուն – Օ. Գիրյա
Տան Չժունչի – Ռ. Պադմինի
Հ. Դրոնավալի – Ս. Գուրամիշվիլի
Ն. Դզագնիձե –Շեն Յան
Ն. Պոգոնինա – Նի Շիցյուն
Լե Թաո Նգուեն Ֆամ – Ա. Մուզիչուկ
Ա. Ստեֆանովա – Ն. Խուրցիձե
Ա. Կոստենյուկ –Պ. Կրամլինգ