Մենք մեր փորձով կկարողանանք Ղարաբաղի բանակցությունները դնել ճիշտ ուղու մեջ. Վարդան Օսկանյան
«Մենք մեր իշխանության ժամանակ քաղբանտարկյալներ չենք ունենալու: Անմիջապես համաներում պետք է իրականացվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանն Ադրբեջանի հետ երբեք չպետք է մրցակցեր քաղբանտարկյալների հարցով:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք առանձնակի հարաբերություններ են ունենալու քաղհասարակության հետ. «Սա մեզ համար կարևորագույն կետն է: Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ էր, որ քաղհասարակության համար բացվեցին բանակի դռները: Ակնհայտ է, որ քաղհասարակությունը մեծ պոտենցիալ ունի բարեփոխումների իրականացման գործում, որը պետք է օգտագործենք»:
Ասուլիսին ներկա ՀՀ ԱԳ նախկին նախարար, դաշինքի երրորդ համարը՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենց ծրագրի իրագործման դեպքում բոլոր ոլորտներում կտրուկ փոփոխություններ են լինելու:
«Մեր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ տնտեսությունը հնարավոր է արագ ոտքի կանգնեցնել:
Վ. Օսկանյանը կարևորեց նաև սփյուռքի ներգրավածության ակտիվությունը: Նա նշեց, որ արտաքին քաղաքականության հարցում առաջնթաց չկա:
«Արտաքին քաղաքականության բնագավառում մեր ունեցած փորձով, պաշտպանության ոլորտում պարոն Օհանյանի ունեցած փորձով, կկարողանանք Ղարաբաղի բանակցությունները դնել ճիշտ ուղղու մեջ, ոչ միայն վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցի առաջնահերթությունը, այլ քայլ կատարենք արդեն 25 տարի ինքնորոշված լինելու փաստի քննարկմանը»,- ասաց Վ. Օսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին