Այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ. Պաշտպանության նախկին նախարար
«Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացել եմ նորմալ, պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որևէ գայթակղություն չի եղել միաժամանակ հրաժարվելով ինձ արված բոլոր առաջարկներից», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի հետ իր հարաբերություններին, Օհանյանն ասաց. «Հանրապետության նախագահի հետ ես որևիցե մի խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ մեր պետական կառավարման համակարգը ձևավորելու և կառավարում իրականացնելու համար»։
Օհանյանն ասաց, որ մեծ հարգանք ունի կառավարման համակարգում աշխատող մարդկանց նկատմամբ, ովքեր իր երբեմնի գործընկերներն են եղել։
«Բոլորի նկատմամբ ունեմ մարդկային հարաբերություններ, պարզապես Հայաստանի ապագայի հատկապես նրա կառավարման համակարգի ձևավորման, քաղաքական-վարչական լծակների սերտաճման ու դրանց հետևանքով կոռուպցիոն ռիսկերի առաջացման հարցում ունենք տարբեր մոտեցումներ», -հավելեց Օհանյանը։
Հարցին, թե արդյոք Սեյրան Օհանյանը ընդդիմադի՞ր է, նախկին պաշտոնյան պատասխանեց.
«Ընդդիմադիր ասելը մի քիչ հարաբերական է։ Սահմանադրական փոփոխությունների շրջանակում այսօր նոր իրադրություն է ստեղծվում, յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական ապարատի ձևավորման մեջ իր ներդրումն ունենալ կուսակցությունների, դաշինքների ձևավորման շրջանակում։ Իսկ եթե ուզում եք հասկանալ, թե կոնկրետ այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ, թե ոչ, իհարկե, ինչպես ժողովրդի մեծ մասը, այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիկ Միրզաբեկյանի և մյուսների պաշտոնանկությանը դեմ եմ եղել. Սեյրան Օհանյան
- Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյան
- Ես անձամբ բանակին չեմ ուղղորդել ընտրություններում. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին