«Դիմակահանդես» բալետի առաջնախաղը՝ մարտի 5-ին
Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, բեմադրության հեղինակն է թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը:
Գլխավոր դերերում հանդես կգան ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):
Նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. «Իմ ազգային պարտքն եմ համարում բեմադրել «Դիմակահանդես»-ը: Մեր թատրոնը պարտավոր է ունենալ Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես»,- ասաց նա:
Նշենք, որ թատրոնի խաղացանկում «Սպարտակ» և «Գայանե» բալետներն ընդգրկված են:
1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը՝ այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ:
«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...», - «Դիմակահանդես» բալետի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: