Հայ ըմբիշները մարտական կազմով կմասնակցեն Կիևի մրցաշարին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: Հայ ըմբիշները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին: Հավաքին մասնակցում է 24 ըմբիշ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
«Սա փուլային ուսումնամարզական հավաք է: Մենք պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Սակայն, մինչ այդ, Կիևում կմասնակցենք միջազգային մրցաշարի: Հավաքն սկսել ենք փետրվարի 15-ին և կավարտենք մարտի 1-ին: Այդ օրը կմեկնենք Կիև:
Մրցաշարին կմասնակցի 10 ըմբիշ` Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանն ու Ռաֆայել Ալեքսանյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանն ու Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
71 կգ քաշային կարգում ըմբիշ չենք պլանավորում, քանի որ այդ կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանն ու Ռաֆայել Ալեքսանյանը կմասնակցեն 75 կգ քաշային կարգում: Կարապետ Չալյանն (75 կգ) ազատված է մրցաշարից: Այս պահին նպատակահարմար է, որ նա չմասնակցի մրցաշարին»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: