Միհրան Հարությունյանը վերականգնողական փուլում է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ-ի լրատավականի հետ զրույցում խոսել է Միհրան Հարությունյանի և Արսեն Ջուլֆալակյանի մասին, ովքեր չեն մասնակցի Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին:
«Միհրան Հարությունյանը դեռևս բուժման փուլում է: Բժիշկներն ասել են, որ վիրահատությունից հետո առաջիկա 6-7 ամիսը լուրջ ծանրաբեռնվածություն չի կարելի: Լիարժեք ապաքինվելուց հետո նա կմասնակցի մարզումներին»:
Արսեն Ջուլֆալակյանի հետ աշխատում ենք անհատական ծրագրով: Նա պետք է հատուկ ծանրաբեռնվածությամբ մարզվի` բուժմանը չխանգարելու համար: Արսենը երկար ժամանակ մրցումների չի մասնակցել և այս փուլում դեռ մարզավիճակ է ձեռք բերում: Նա Կիևի մրցաշարում հանդես չի գա: Ապրիլին կմասնակցի Տալինում կայանալիք միջազգային մրցաշարին: Արսենը չի լինի նաև Եվրոպայի առաջնությունում:
2018 թվականից նոր քաշային կարգեր կավելանան: Ներկա պահին 8 քաշային կարգ է, իսկ հաջորդ տարի կլինի 10»,- ասել է Ջուլֆալակյանը:
Հավելենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 2-7-ը` Սերբիայում: