Ֆուտզալ Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականին ճանապարհել են ծափողջույններով
«Ֆուտզալ Բիզնես Lիգա» Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթներն Իրանում ընթացող սիրողական ֆուտզալի 2017 թ. աշխարհի առաջնությունում: Անցկացրած 4 խաղում մեր ընտրանին տոնել է 2 հաղթանակ` Թուրքիայի և Ճապոնիայի հավաքականների նկատմամբ, Իրանի ընտրանու հետ խաղն ավարտել է ոչ-ոքի հաշվով և միակ պարտությունը կրել է հունգարացիներից:
Ինչպես տեղեկացնում է «Ֆուտզալ Բիզնես Lիգայի» պաշտոնական կայքը, մեր հավաքականը դուրս է մնացել հետագա պայքարից: Իրանի հավաքականի հետ ունենալով հավասար 7-ական միավորներ, մեր ընտրանին հանդիպումներում խփած գնդակների թվով վերջիններիս զիջել է ընդամենը 2 գնդակով:
Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ էր հանդես գալիս սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում և կարճ ժամանակում խմբում դարձել է հայտնություն ու անակնկալի բերել ինչպես մրցակիցներին, այնպես էլ առաջնության կազմակերպիչներին: Հայաստան-Հունգարիա հանդիպման ավարտին Հունգարիայի ողջ հավաքականը ծափերով է ուղեկցել մեր տղաներին՝ ի նշան հարգանքի ու շնորհակալության: