Կառլո Անչելոտտի. «Կուզեինք միշտ այսպես խաղալ, բայց դա անհնար է»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Հերտայի» հետ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմին բարդ խաղ է սպասվում, ինչպես նաև նշել է, որ մյունխենցիները չեն կարող յուրաքանչյուր հանդիպում անցկացնել այնպես, ինչպես «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը, որում «Բավարիան» առավելության հասավ 5։1 հաշվով։ Գերմանական թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Հերտան» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Արսենալի» հետ խաղը մեզ վստահություն ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ,- Կառլո Անչելոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Իհարկե, կուզեինք միշտ խաղալ այնպես, ինչպես «Արսենալի» դեմ խաղացինք։ Բայց դա անհնար է։ Բունդեսլիգան այլ մրցաշար է, այստեղ անցկացվում է 34 խաղ, մինչդեռ «Արսենալի» հետ 2 անգամ ենք խաղում։
«Հերտան» լավ թիմ է, որը մրցաշրջանի առաջին մասում շատ լավ հանդես եկավ։ Դա բարդ ու կարևոր խաղ կլինի։ Մենք պետք է լավ պատրաստվենք ու առավելագույնս կենտրոնացած լինենք»։