Հյուսիսային Կորեայի նախագահի եղբոր սպանության գործով ձերբակալվել է 4-րդ կասկածյալը
Մալայզիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ձերբակալել է Հյուսիսային Կորեայի քաղաքացի 46-ամյա Լի Չոն Չհոլին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցելու կասկածանքով։
Այսպիսով, «Interfax»-ի փոխանցմամբ, Լի Չոն Չհոլը դարձավ այս գործով 4-րդ ձերբակալվածը։ Ավելի վաղ իրավապահները ձերբակալել էին Վիետնամի ու Ինդոնեզիայի քաղաքացի կանանց և Մալայզիայի մի քաղաքացու։
Վկայակոչելով EFE գործակալությանը, «Interfax»-ը գրում է, որ Կիմ Չեն Նամի հարազատներին՝ երկրորդ կնոջը և երկու երեխաներին, Մակաոյում իրավապահները վերցրել են իրենց հսկողության տակ ու ապահովում են նրանց անվտանգությունը։
Մալայզիայի Սելանգոր նահանգի քրեական գործերով հետաքննությունների բաժնի ղեկավար Ֆաձի Ահմադը հայտնել էր, որ Կիմ Չեն Նամը սպանվելուց առաջ գլխապտույտի գանգատներով դիմել էր Կուալա Լումպուրի օդանավակայանի աշխատակիցներին՝ օգնության խնդրանքով։ Նա ասել է նաև, որ ինչ-որ մեկը մոտեցել է Կիմ Չեն Նամին հետևից և ինչ-որ հեղուկ լցրել նրա վրա։ Դրանից հետո նա կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Հարավկորեական հետաքննական ծառայությունում կարծում են, որ սպանության հետևում կանգնած են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունները։ Հյուսիսային Կորեան արդեն իսկ հայտարարել է, որ չի ընդունում նախագահ Կիմ Չեն Ընի եղբոր մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում