Բուշարը համաձայնվել է 2-րդ ժամադրությանը գնալ երկրպագուի հետ
20-ամյա Ջոն Գերկեն, ով կանադուհի թենիսիստուհի Էժենի Բուշարի հետ ժամադրության էր գնացել, ավելի ստույգ` նրանք միասին դիտել էին բասկետբոլի «Բրուկլին»-«Միլուոկի» հանդիպումը, պատմել է, որ թենիսիստուհու հետ կունենա նաև 2-րդ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Fox Sports»-ը:
«Երբ հանդիպեցինք, գրկախառնվեցինք: Ես նրա համար նվեր էի պատրաստել: Ականջօղեր էի գնել, որի վրա գրված էր «Նյու-Յորք»: Խոսեցինք մարզական մի շարք թեմաների մասին: Չէի կարողանում հավատալ, որ նա համաձայնվել է ինձ հետ հանդիպել: Իսկ ահա Էժենին ուրախացել էր, որ ես նորմալ տղա եմ: Ի դեպ` նա խոստացել է 2-րդ ժամադրություն»,- ասել է ոգևորված երկրպագուն:
Հիշեցնենք, որ թենիսիստուհին գրել էր, թե ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ»-«Ատլանտա» հանդիպումը կավարտվի «Ատլանտայի» հաղթանակով: Երկրպագուներից մեկն առիթը բաց չէր թողել և պատասխանել էր, որ հակառակ դեպքում Էժենին կգնա՞ իր հետ հանդիպման, ինչին կանադուհին տվել էր իր համաձայնությունն ու պարտվել: Ժամադրությունը կայացել էր և, ինչպես երևում է, այն դեռ շարունակություն կունենա: