4 քաշային կարգերից 3-ում Հայաստանի չեմպիոնները պահպանեցին իրենց տիտղոսը
Երևանի խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական մարզապալատում մեկնարկել է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի 2017 թ. Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի 86 ըմբիշներ: Մրցումային առաջին օրը մրցանակներ են խաղարկվել 57, 65, 74 և 97 կգ քաշային կարգերում: 4 քաշային կարգերից երեքում ՝ 65 , 74 և 97 կգ 2016 թ. Հայաստանի չեմպիոնները պահպանել են իրենց տիտղոսը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
97 կգ քաշային կարգում, ինչպես նախորդ տարի, լավագույնը Գեորգի Կետոևն էր: Եզրափակիչ մենամարտում, ոչ մի հնարավորություն չտալով Շամիր Աթյանին, նա երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի չեմպիոն հռչակվեց: 57 կգ քաշային կարգում լավագույնը Գարիկ Բարսեղյանն է, ով եզրափակչում հաղթել է Մխիթար Գրիգորյանին: Նարեկ Սիրունյանը 65 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Գեղամ Գալստյանին, իսկ 74 կգ քաշային ըմբիշների եզրափակչում Գրիգոր Գրիգորյանը վստահ հաղթանակ է տոնել Վարուժան Կաջոյանի նկատմամբ:
Առաջնության արդյունքներով ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը կկազմավորի Հայաստանի ընտրանին, որի կազմում կընդգրկվեն առաջնությունում լավագույն եռյակում հայտնված ըմբիշները: Նրանք փետրվարի 23-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնեն, ապա մարտի 10-12-ը Ստամբուլում կմասնակցեն միջազգային մրցաշարին: Ստուգատեսի 2-րդ օրը ՀՀ առաջնության մասնակիցները մեդալներ կխաղարկեն մյուս չորս՝ 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերում: