Արցախում թվով 3-րդ համապետական հանրաքվեին կմասնակցի 102 հազար 757 մարդ
Հանրաքվեին մասնակցելու իրավունք է ստացել Արցախի բնակիչներից 102 հազար 757-ը։ Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ ներկայացնելով փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական վերջնական աշխատանքները։
«Սա թվով 3-րդ համապետական հանրաքվեն է Արցախում։ Դրան մասնակցելու իրավունք է ստացել Արցախի բնակիչներից 102 հազար 757-ը։ Գործելու են 11 ընտրատարածքներ, որոնցից յուրաքանչյուրում կա 8000-ից 9000 ընտրող»,- ասաց Սրբուհի Արզումանյանը։
Վերջինիս հաղորդմամբ՝ վաղն Արցախում գործելու են 280 ընտրական տեղամասեր, որոնցից մեկը գործելու է Երևանում, ընտրական տեղամաս է գործելու նաև Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արզումանյանի դիտարկմամբ, Արցախում ընթացող ընտրական գործընթացների հանդեպ նաև տարեց տարի մեծանում է միջազգային հանրության հետաքրքրվածությունը, այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ վաղը հանրաքվեն դիտարկելու են շուրջ 30-ից ավել երկրների թվով 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-ների 80 և ավել ներկայացուցիչներ։
«Հստակ սահմանվել է, որ ամբողջ հանրաքվեի գործընթացը կարելի է լուսանկարել և տեսանկարել՝ չխոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքներին։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր դիտորդի կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լայն իրավասություն է տրվում հանրաքվեի տեղամասում վերահսկողություն, ստուգում իրականացնելու համար, ամրագրվել է վերահաշվարկի դիմումի ինստիտուտ»,- նշեց Սրբուհի Արզումանյանը։
ԼՂՀ ԿԸՀ նախագահի խոսքով, ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած Թալիշ գյուղի բնակչների ընտրության իրավունքի իրացումը ևս իշխանությունները ապահովել են, նրանք հանրաքվեին կմասնակցեն ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում։ Հայաստանում ապաստանած թալիշցիները հանրաքվեին կմասնակցեն Երևան քաղաքում գործող ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում։