Արմավիրում աշակերտներ են թունավորվել
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի 9-րդ դասարանի 8 աշակերտներ տեղափոխվել են Մեծամորի ԲԿ: Կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանը Panorama.am-ին հայտնեց, որ երեխաներից երեքն են այս պահին մնացել հիվանդանցում, նրանց կաթիլային է միացված, թթվածին են շնչում:
«Առանձնակի ծանր վիճակում չեն եղել: Հինգը ունեցել են փսխում, գլխապտույտ: Դինամիկ հսկողության ներքո ենք պահելու երեխաներին, որպեսզի հետագայում չբարդանա: Երեքը օգնության կարիք չեն էլ զգացել»,-ասաց Մ. Վանյանը:
Նրա խոսքով, երեխաներին զննող բժշկի նախնական կարծիքի համաձայն, երեխաների թունավորման պատճառ դարձել է գազը:
«Ուրիշ բան չէր կարող լինել, հավանաբար, երեխաները բզբզել են, ծխնելույզն է տեղից դուրս եկել: Հիմա տեղում քննիչներ են աշխատում»,-ասաց նա:
Արատաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը Panorama.am-ին ասաց, որ դասասենյակները տաքացնում են վառարաններով, որի մեջ գազ են վառում:
«Թե ինչի այրում չի կատարել, ինչի է արտահոսք եղել, դեռ պարզ չի: Գազը նախնական վերսիան է»,-ասաց գյուղապետը:
Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ժամը 11-ի կողմերը: Դասարան մտած դասղեկը վատ զգացող երեխաներին միանգամից դուրս է բերել՝ մաքուր օդ շնչելու: Երեխաներին միանգամից տեղափոխել են ԲԿ: