Ֆրանսիայից ժամանած դիտորդները գոհ են Արցախի հանրաքվեի ընթացքից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիական Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’Էսպերոնան, և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը:
Արցախի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խորհրդարանի նախագահը ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների ջերմությունը և նշել, որ Ղարաբաղում մշտապես ուրախ են ընդունելու ֆրանսիացի բարեկամներին:
«Մեզ համար փետրվարի 20-ը հիշարժան օր է. 29 տարի առաջ այս օրը մենք ազատության դրոշ ենք բարձրացրել և առաջին քայլը կատարել դեպի ժողովրդավարություն: Այդ ողջ ընթացում մեր ֆրանսիացի բարեկամները եղել են մեր կողքին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Ժորժ Կոլոմբիեն պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ արդեն եղել են որոշ ընտրատեղամասերում և գոհ են հանրաքվեի ընթացքից: Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեին՝ Ժորժ Կոլոմբիեն հետաքրքվել է ակնկալվող արդյունքներով:
Պատասխանելով հարցին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը հանաքվեներին մասնակցելու փորձ ունի և ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ակնկալվում է մասնակցության բարձր աստիճան:
Այնուհետև խորհրդարանի նախագահը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նախաձեռնությունից մինչև հանրաքվե և մանրամասն անդրադարձել Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններին:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը մասնակցեց սահմանադրական հանրաքվեին
- Աշոտ Ղուլյան. Նախագահի լիազորությունների ավելացումը մտավախություն չի առաջացնում
- Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը
- Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց և մեր իրավունքները միշտ կպաշտպանենք. Բակո Սահակյան
- Արցախի Սահմանադրական հանրաքվեն մեկնարկել է
- Արցախում թվով 3-րդ համապետական հանրաքվեին կմասնակցի 102 հազար 757 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին