Թեհրանի նախազգուշացումն Անկարային՝ Իրանի համբերությունն էլ սահման ունի
Իրանը Թուրքիայի հարցում դեռ համբերում է, սակայն համբերությունը ևս սահման ունի,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններում վերջին շրջանում առաջացած լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուսով ենք Թուրքիայի քաղաքական գործիչներն Իրանի վերաբերյալ արած իրենց հայտարարություններում ավելի զգույշ և կշռադատված կլինեն: Թուրքիայի հարցում Իրանը դեռ համբերելու է, սակայն համբերությունն էլ սահման ունի»:
Հիշեցնենք, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»: