Կիսանախագահական մոդելը ունի քաղաքական վտանգներ. ԼՂՀ Վարչապետ
Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում քվեարկելուց հետո Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է սահմանադրական բարեփոխումների դերը երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում:
«Ես ընտրելիս հիշեցի 1988 թվականի փետրվարի 20-ը: Երազում էինք ունենալ անձնագիր՝ այսօր ունենք, ոչ միայն ունենք, այլև այսօր վկայություն ենք բերում, որ ունենք ձևավորված հանրապետություն, ձևավորված երկիր և ամենակարևորը այդ երկիրը գնում է սահմանադրական բարեփոխումների՝ նպատակ ունենալով ժողովրդական արժեքները ավելի խորը ամրապնդել մեր երկրում»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Այն դիտարկումը, թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հայտարարում են, որ չեն ճանաչում արդյունքները և այս հանրաքվեն չի կարող կանխորոշել ԼՂՀ կարգավիճակը, վարչապետն արձագանքեց. «1988 թվականի փետրվարի 20-ին մենք գիտեինք, որ՝ միջազգային հանրության հետ բարդ խնդիրներ էինք ունենալու: Ամենակարևորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխությունները անում ենք առաջին հերթին մեզ համար, մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի և պատվաբեր»:
Անդրադառնալով ԼՂՀ և ՀՀ կառավարման ձևերի տարբերությանը, վարչապետը փաստեց, որ ժողովրդավարական առումով ԼՂՀ սահմանադրությունը հետ չէ պառլամենտական որևէ երկրից: Տարբերություն այդ երկու երկրների սահմանադրության միջև այն է, որ ՀՀ սահմանադրության գործելուց հետո գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, իսկ ԼՂՀ-ում ժողովրդի կողմից ընտրված նախագահը, սակայն պառլամենտարիզմի առումով՝ պառլամենտին տրված են բավականին մեծ լիազորություններ և հակակշիռն ու զսպող մեխանիզմները նախատեսված են:
Կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին խոսելիս Արայիկ Հարությունյանը նշեց, որ այսօր գոյություն ունեցող կիսանախագահական մոդելը ունի քաղաքական վտանգներ. «Դրանցից խուսափելու համար մենք ընտրել ենք այս մոդելը՝ մոդել որտեղ ինչքան հնարավոր է պետք է խուսափել քաղաքական ռիսկերից և ժողովրդին պետք է տրվի ավելի մեծ լիազորություն և ժողովրդի ընտրությամբ պետք է կառավարման մոդելը ավելի հեշտ փոփոխվի: Գործող մոդելը դա թույլ չի տալիս՝ կիսանախագահական մոդել է, իսկ առաջարկվող մոդելը ժողովրդավարական, պառլամենտարիզմի բոլոր կառավարչական պայմանները նախատեսած, իհարկե նաև ունենալով նախագահ, որը գործադիրի ղեկավար է»:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը մասնակցեց սահմանադրական հանրաքվեին
- Աշոտ Ղուլյան. Նախագահի լիազորությունների ավելացումը մտավախություն չի առաջացնում
- Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը
- Արցախի Սահմանադրական հանրաքվեն մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան