ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը գիտակցված է և անհրաժեշտ. Հայաստանի նախագահ
ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ:
Խոսելով անվտանգային հարցերում միջազգային համագործակցության մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Գլոբալ մակարդակում Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ անվտանգության, կայունության ամրապնդման և միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման գործում։ Դրա վկայությունն է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ մի շարք առաքելություններին։ Ես մեծ հպարտություն եմ ապրում այն ժամանակ, երբ հանդիպելով արտասահմանցի իմ գործընկերներին, ինչպես նաև արտգործնախարարներին և պաշտպանության նախարարներին, որոնցից լսում եմ դրվատանքի խոսքեր հայ խաղաղապահների մասին: Շնորհակալ եմ հայ զինվորականներին՝ առաջին հերթին նրանց, ովքեր պատրաստում են այդ զորախմբերը և, իհարկե, նրանց, ովքեր անդամ են այդ զորախմբերի՝ Հայաստանի անունը և պատիվն այդքան բարձր պահելու համար»:
Խոսելով գործընկեր երկրների ու կառույցների մասին՝ նախագահ Սարգսյանը նախ առանձնացրել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին. «Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է Հայաստանի և Ռուսաստանի ձևավորած ռազմական դաշինքը: Այն ունի շատ հարուստ պատմություն և ավանդույթներ, քանի որ հայ և ռուս զինվորականները երբեք չեն եղել խրամատների տարբեր կողմերում: Այնուամենայնիվ, որևէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա: Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա: Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաև ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է»:
Միաժամանակ, ըստ Հայաստանի նախագահի, պետք է շարունակել աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Բանակում միջկուսակցական քննարկումները կպատժվեն
- Սերժ Սարգսյան. Անընդունելի է մտայնությունը, թե դատապարտված ենք ձախողման
- Սերժ Սարգսյան. Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում