ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է, ինչու է թանկացել բենզինը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել բենզինի թանկացման վերաբերյալ.
«2017 թվականի հունվարի 27-ից բենզինի մանրածախ շուկայում դիտարկվել են գնային բարձրացումներ՝ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 330 դրամից բարձրացել է 10 դրամով, իսկ որոշ ժամանակ անց՝ փետրվարի 10-ին՝ ևս 20 դրամով: Արդյունքում, ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը բարձրացել է 30 դրամով՝ կազմելով 360 դրամ:
Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն բենզինի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը գրություններով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ոլորտում գործունեություն իրականացնող 2 գերիշխող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ին, ինչպես նաեւ «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ին:
Հանձնաժողովի կողմից զուգահեռ ուսումնասիրվել է նաև միջազգային շուկայում բենզինի վաճառքի գների դինամիկան: Ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ընկերություններից: Ուսումնասիրելով վերջիններիս կողմից մատակարարվող բենզինի գները՝ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մինչև 2017 թվականի հունվար 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչև 118 դոլարով կամ 57 230 դրամով, որի հետևանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչեւ 330 դրամ (50 դրամով):
Առկա տեղեկատվությունը փաստում է, որ արդեն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչեւ 136 դոլարով կամ 65 960 դրամով՝ գրեթե հավասարվելով նախորդ տարվա սեպտեմբերի ձեռքբերումների գներին:
Բենզինի ձեռքբերման գնի բարձրացման հետևանքով՝ երկրի ներսում մատակարարումներ իրականացնող ընկերությունների կողմից վաճառքի գինը բարձրացել է մինչեւ 30 դրամով՝ կազմելով 360 դրամ՝ 1 լիտրի հաշվով:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է նաև Bloomberg պարբերականում հրապարակվող բենզինի արտահանման գները, որից պարզվել է, որ Բուլղարիայից և Ռումինիայից արտահանվող բենզինի 1 տոննայի գինը 2017 թվականի փետրվարին՝ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ թանկացել է մինչեւ 74 դոլարով:
ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաև հարևան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօյլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1,72 լարի՝ այսինքն տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան