Ութ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Փարիզի թանգարանից հայտնի նկարիչների կտավների գողության համար
Սերբիայի քաղաքացին, ով մեղադրվում է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից 100 միլիոն եվրո արժողությամբ կտավների գողության մեջ, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Ռիա նովոստին, հղում անելով Ֆրանս պրեսին, գրում է, որ գողությունը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 20-ի գիշերը: Գողը պատկերասրահ է մտել պատուհանից: Առավոտյան աշխատակիցները հայտնաբերել են, որ Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Ժորժ Բրակի, Ամադեո Մոդիլիանիի, Ֆերնան Լեժեի կտավները չկան:
Գողության մեջ մեղադրվել է 49-ամյա սերբ Վերան Տոմիչը, ով խոստովանել է իր արարքը: Նա, ով հայտնի է «Մարդ-սարդ» մականունով ու արդեն 14 անգամ դատապարված է եղել, չի բացահայտել, թե ով է պատվիրատուն: Գողացված նկարները դեռևս չեն գտնվել:
Տոմիչը ձերբակալվել է 2011 թվականին: Մեղադրանք է առաջադրվել ևս երկու հոգու՝ ենթադրյալ մեղսակիցներին: Նրանք անտիկվար առարկների վաճառողներ են, ովքեր մեղադրվել են գողացած ապրանքը գնելու մեջ:
Քննության ընթացքում Տոմիչը պատմել է, որ նախատեսել էր գողանալ միայն Ֆերնան Լեժեի կտավը, բայց բարենպաստ հանգամանքներից ելնելով՝ չի սահմանափակվել միայն այդ մեկ նատյուրմորտով:
Անտիկվար իրերի վաճառողներից մեկն ասել է, որ ոչնչացրել և նետել է իր մոտ հայտնված նկարը, չնայած Մոդիլիանիի կտավի համար վճարել է 80 հազար եվրո: Բայց քննությունը ենթադրում է, որ գողացված արվեստի իրերը վաճառվել են արտասահմանում, չնայած չունեն այդ վարկածը հաստատող ապացույցներ:
Վաճառողները դատապարտվել են յոթ և վեց տարվա ազատազրկման: Բացի այդ, երեքը միասին պետք է տուգանք վճարեն գողացված նկարների սեփականատեր Փարիզ քաղաքի օգտին: