Դեսպան. Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում բացահայտում ենք մարդու իրավունքների, բազմազանության թեմաները
«Մոսկվա» կինոթատրոնը շաբաթ օրը մարդաշատ էր. Մեկնարկել էր Բրիտանական Ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը:
Բացման արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական խորհուրդի մամուլի ծառայությունից հայտնում են, փառատոնը մեկնարկել է եվրոպական կինոյի դասական Քեն Լոուչի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով։ Ռեժիսորն այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ այն դարձել է «Տպավորիչ բրիտանական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր:
«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում մենք բացահայտում ենք մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության թեմաները: Ես ուրախ եմ, որ փառատոնը մեկնարկում է «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով: Ֆիլմի ուղերձներից շատերը մարտահրավերային են: Անկախ նրանից, համաձայն ենք այդ ուղերձների հետ, թե ոչ, մենք պետք է բաց լինենք լսելու ուրիշների տեսակետները, տեսնելու աշխարհը նրանց տեսանկյունից և նշանավորելու ռեժիսորի իրավունքը`արտահայտելու իր տեսակետը»,-ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
«Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Ես ինքս հաճախ այցելում եմ և դիտում այդ ֆիլմերը և տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների ներգրավվածության աճին և դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ Beeline-ի աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգևելով միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։
«Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք կինոսիրողներին ներկայացնել վերջին տարիների լավագույն կինոաշխատանքները: Բոլոր ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների և ստացել կինոքննադատների բարձր գնահատականը: Հոբելյանական փառատոնին մենք առաջին անգամ ֆիլմերը կներկայացնենք օրական չորս անգամ»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման:
Փետրվարի 19-ին կցուցադրվի «Ոսկե գլոբուս» մրցանակից նոմինացված «Սինգ սթրիթ» կինոնկարը: Փետրվարի 20-ին կներկայացվի «Այդ ֆանտաստիկ սերը» ֆիլմը, որը պատմում է ժամանակակից Լոնդոնում տեղի ունեցող անհավանական ընկերության մասին: «Հասուն կյանքի հմտությունները» կատակերգությունը կցուցադրվի փետրվարի 21-ին: Փետրվարի 22-ին կինոթատրոնի էկրանին կլինի «Այրել այրել այրել» ֆիլմը, որը Միացյալ Թագավորության խոստումնալից երիտասարդ ռեժիսոր Չենյա Բաթոնի դեբյուտային աշխատանքն է:
Փետրվարի 23-ին կցուցադրվի «Ջրհեղեղ» ֆիլմը, որն ընդգրկվել է կանանց` իրենց աշխատանքում առաջադեմ ներկայացնող լավագույն ֆիլմերի շարքում: Փառատոնը կեզրափակի 3 BAFTA-ի նոմինացված «Գրառումները կուրության մասին» փաստագրական ֆիլմը:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում