Սերժ Սարգսյան. Անընդունելի է մտայնությունը, թե դատապարտված ենք ձախողման
«Ասել եմ և կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է»,- ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել. «Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն»:
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ թե երկրի անմիջական արտաքին միջավայրը բարդ է ու խճճված, սակայն դա չի նշանակում, որ այդ ամենի հետ պետք է համակերպվել և ձեռքերը ծալած նստել:
«Մեր հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որն անմիջապես պետք է զգալի լինի անձամբ ձեր և ձեր ընտանիքների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն անդրադարձել է սահմանադրական նոր կարգավորումներին, մասնավորապես՝ ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման հանգամանքին:
«2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլևս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ: Ֆրանսիայում, որը ևս կիսանախագահական հանրապետություն է, պատմականորեն ձևավորվել է «համակեցություն» տերմինը: Դա այն իրավիճակն է, երբ երկրի նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, իսկ վարչապետը և Ազգային ժողովի մեծամասնությունը՝ մեկ այլ քաղաքական ուժ: Երկար քննարկումներից հետո մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեզ համար նման «համակեցություն» ձևավորելը շատ երկարատև պրոցես է և, կներեք, բայց մեզ համար, ցավոք սրտի, դեռևս անիրականանալի: Բոլորդ էլ գիտեք, որ կիսալուծումները սովորաբար պարտադրված և ամենավատ լուծումներն են, ուստի և անհրաժեշտ էր գտնել և տալ ամբողջական լուծում: Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները: Եթե անհրաժեշտություն կլինի մանրամասնել, թերևս, այս հարցը ձեզ շատ է հետաքրքրում, ես պատրաստ կլինեմ ավելի մանրամասն ներկայացնել: Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է»,- նշել է Սերժ Սարգսյանն ու դիմելով բանակի հրամկազմին՝ ընդգծել. «Ուզում եմ, որ դուք լիովին հասկանաք և գիտակցեք այդ փոփոխությունների իմաստը: Ձեր աշխատանքի վրա այս փոփոխությունները որևէ անդրադարձ չեն ունենալու և եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից: Այդ առումով որևէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու: Ազգային պաշտպանության կազմակերպման և կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը, ինչպես ասացի, միայն դրական ազդեցություն է ունենալու: Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել և փայփայել իր անփոխարինելի և սիրելի զավակին՝ հայկական բանակին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին