Աշոտ Ղուլյան. Նախագահի լիազորությունների ավելացումը մտավախություն չի առաջացնում
Այսօրվա մեր քվեարկությամբ մենք կամրապնդենք այն գաղափարը, ինչը որ արտահայտել ենք 1988 և 1991 թվականներին: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում քվեարկությունից առաջ ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Սահմանադրությունը շատ համապարփակ փաստաթուղթ է ու դժվար է մի քանի բառով ասել, թե այն ինչ կտա մեզ։ Բայց այն, որ Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով, կասկածից վեր է։ Ես վստահ եմ, որ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է»,- ասաց Աշոտ Ղուլյանը։
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդգծեց՝ այսօր կա նոր սերունդ, որը «պետք է ոչ միայն առաջին գծում, այլև այստեղ իր կարծիքն արտահայտի երկրի ապագայի վերաբերյալ»։
Անդրադառնալով նոր Սահմանադրությունով կառավարման ձևի փոփոխությանը, Աշոտ Ղուլյանը նշեց, որ մտավախություն չունի նախագահի լիազորությունների ավելացման կապակցությամբ։
«Այդ ամենի մշակումներին մասնակցել եմ անձամբ ու մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի Սահմանադրության մեջ: Այսօր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը միայն մի կողմից է վտանգված՝ Ադրբեջանի։ Այնպես որ Իլհամ Ալիևն իր հայտարարություններն անելիս լավ կանի մտածի հենց այս դիրքից»,- ասաց Աշոտ Ղուլյանը։
Ըստ Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի՝ պետական շինարարությունը կայուն, հետևողականորեն առաջ ընթացող մի գործընթաց է, որը պարբերաբար թարմացումների կարիք ունի։
«Մենք այս մտադրությամբ ենք սկսել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Միանշանակ փոփոխությունները վերաբերվելու են մեր երկրի բոլոր ոլորտներին՝ անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն, ինչպես նաև կառավարական համակարգերի կատարելագործմանը։ Այսօր ես փողոց դուրս գալուց հասկացա, որ 29 տարի առաջ արցախցիների սերունդը ԽՍՀՄ-ում առաջին անգամ ազատության դրոշ է բարձրացրել ու այսօր էլ այս տարածաշրջանի ժողովուրդը երևի թե նույն ժողովրդավարական, ազատության դրոշակակիրն է շարունակում մնալ ու դա պարտավորեցնող առաքելությունը է»,- ամփոոփեց Աշոտ Ղուլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը
- Արցախի Սահմանադրական հանրաքվեն մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան