Բուենոս Այրեսի Ազգային թատրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Ալեխանդրո Տանտանյանը
Բուենոս Այրեսի Սերվանտեսի անվան ազգային թատրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել հայազգի Ալեխանդրո Տանտանյանը։ «Հայերն այսօր»-ը գրում է, որ երկրում մեծ համբավ վայելող Սերվանտեսի անվան թատրոնն ավելի շատ հայտնի է որպես Բուենոս Այրեսի Ազգային թատրոն` արդեն իսկ այն պատճառով, որ այն Արգենտինայի միակ ազգային թատերական հաստատությունն է, և այստեղ են հանդես եկել իսպանախոս աշխարհի հայտնի շատ ու շատ արվեստագետներ։
Այդ հայտնիներից մեկն է երգիչ, դերասան, ռեժիսոր, արվեստագետ, թատերական գործերի հեղինակ Ալեխանդրո Տանտանյանը։ Հիմնադիրն է «Հարավային Համայնապատկեր» նախագծի, որի շրջանակներում, ի թիվս այլ գործերի, կատարվում է արվեստագետների փորձի և աշխատանքների փոխանակում։ Միաժամանակ, նա միշտ իր գործունեության մեջ մեծ ուշադրություն է դարձրել երգարվեստին` ոչ միայն անձնապես է հանդես եկել իր կատարումներով, այլև կազմել է առանձին ծրագրեր, որոնք հաջողությամբ իրականացվել են Բուենոս Այրեսում և այլ քաղաքներում:
Որպես ռեժիսոր տասնյակ գործեր է ներկայացրել հանդիսատեսի ուշադրությանը` Շեքսպիրից մինչև Բերտոլդ Բրեխտ և իսպանացի Ալբերտո Կոնսեխերո։ Իբրև սցենարիստ և ռեժիսոր՝ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բեմ բարձրացրած Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա»-ի Տանտանյանի տարբերակը։
Բազմաթիվ են օպերային գործերը, որոնք ներկայացրել է ոչ միայն Բուենոս Այրեսում, այլև երկրից դուրս։ Նա մասնակցել է ավելի քան 60 միջազգային տարբեր փառատոների` արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Նրա առանձին գործերը թարգմանվել են պորտուգալերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն։