Դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի
Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի և Գավաթի: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի և արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը, և մրցույթի կազմակերպիչն է «EPTA – MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը:
Մրցույթի ժյուրիի կազմում էին դաշնակահարներ 22 երկրներից` Մալթայից, Չինաստանից, Բուլգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հայաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սերբիայից, Բելորուսից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից և Իսպանիայից:
Արմեն-Լևոն Մանասերյանը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր է: Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սանը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտը (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եթիեն Րապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)` համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան):