Եզակի թատրոնն ենք, որ անընդհատ հայտնվում ենք խոսող թատրոնների շարքում. Ժ. Դադասյան
«Երևանի մնջախաղի թատրոնն առաջիկա ամիսներին մասնակցելու է Չելյաբինսկում, Շրի Լանկայում կայանալիք թատերական միջազգային փառատոներին: Ներկայացվելու է «Արդաղիոն» բեմադրությունը»,- լրագրողների հետ հանդիպանը տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նա նշեց, որ Չելյաբինսկի միջազգային փառատոնը խիստ մասնագիտացված է, լաբորատորիա-փառատոն է, 120 դիմումից ընտրվել է 16 թատրոն, որից մեկը հենց երևանյան թատրոնը: Ժ. Դադասյանը նաև տեղեկացրեց, որ Շրի Լանկայի փառատոնն այս տարվա պաշտոնական պաստառը ձևավորել է հենց Երևանի Մնջախաղի թատրոնի ներկայացման լուսանկարով:
«Ուրախալի է այն, որ վերջին տարիներին առավել հաճախ մասնակցում ենք թատերական փառատոների, քան մնջախաղի, մեզ դիտարկում են որպես ուղղակի թատրոն: Թատրոն է՝ ուղղակի առանց խոսքի: Եզակի թատրոնն ենք, որ անընդհատ հայտնվում ենք խոսող թատրոնների շարքում»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ այնպիսի թատրոն, ինչպիսին իրենց թատրոնն է, աշխարհում քիչ կան:
«Մնջախաղի ժանրը շատ բազմազան է, ունի շատ դրսևորումներ»,- հավելեց նա:
Նրա խոսքով, արդեն պատրաստվում են ամռանը կայանալիք մնջախաղի փառատոնին, ստացել են շատ հայտեր:
«Մեզ պետական խողովակներով դիմել են Վիետնամից, որ իրենց երկրում մնացել է վերջին միմը, շատ են ցանկանում, որ մասնակցի մեր փառատոնին: Բնականաբար, նայեցինք, բավականին հետաքրքիր արտիստ է, անպայման կհրավիրենք: Կունենանք հետաքրքիր հյուրեր, թատերախմբեր տարբեր երկրներից, աշխարհագրությունը շատ հարուստ է»,- ասաց Ժ. Դադասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ճարտարապետն աշխատելու են միասին
- Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Ոսկե Լուսան» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակով