Մոուրինյո. «Ոչ մի ռեակցիա»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սադրիչ մեկնաբանություն է կատարել Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո։ Նա ակնարկել է, որ «Չելսին» քիչ թվով մրցաշարերի է մասնակցում, մինչդեռ մանկունիանցիները միանգամից 4 մրցաշարում են պայքար մղում։
«Ոչ մի ռեակցիա։ Ես պարտավոր եմ մտածել «Սենթ Էթիենի» հետ հանդիպման, Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի, Եվրոպայի լիգայում հաջորդ մրցակցի մասին։ Պարտավոր եմ պայքարել լավագույն քառյակում տեղի համար։ Շատ բաներ կան, որոնց մասին պարտավոր եմ մտածել,- պորտուգալացու խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- «Չելսին» կարող է մտածել միայն Անգլիայի գավաթի խաղարկության մասին, որովհետև արդեն չեմպիոն է և չի կարող պայքարել այլ մրցանակների համար։ Խաղը կկայանա մեկ ամիս հետո, ուստի չեմ ուզում հիմա մտածել այդ մասին։
Պետք է պայքարենք Անգլիայի գավաթի համար, իսկ Լիգայի գավաթի խաղարկությունում հաղթելու 50 տոկոս հնարավորություն ունենք։ Եվ մեր հաջորդ նպատակը «Սենթ Էթիենի» հետ խաղում արդյունքի հասնելն ու Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ մտնելն է»։
Հարկ է նշել, որ Մոուրինյոյի համար ևս մեկ մոտիվացիա է «Չելսիի» հետ վերջին խաղը, որում «ՄՅու»-ն զիջել է 0։4 հաշվով։