Կանանց աշխարհի առաջնության. գործը չհասավ Արմագեդոնին
Թեհրանում տեղի է ունեցել շախմատի աշխարհի կանանց առաջնության 1/8-րդ եզրափակչի թայ-բրեյքը: Այն շախմատիստուհիները, ովքեր իրենց դասական շախմատի հանդիպումներն ավարտել էին 1-1 հաշվով, պետք է խաղային 2 պարտիա՝ 25 րոպե + 10 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Եթե այստեղ հաշիվը նույնպես լիներ հավասար, կխաղարկվեր ևս 2 պարտիա, արդեն այլ ժամակարգով` 10 րոպե + 10 վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից:
Կրկին հավասար հաշվի դեպքում ևս 2 պարտիա` 5 րոպե + 3 վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից, եթե այստեղ ևս գրանցվեր ոչ-ոքի, ապա կխաղարկվեր Արմագեդոն, որտեղ սպիտակներին կտրվեր 5 րոպե, սևերին `4 րոպե, իսկ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար կավելացվեր 3 վայրկյան, սակայն այս պարտիայում սպիտակներով խաղացողը պետք է պարտադիր հաղթեր, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող էր դառնում սևերով խաղացողը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 1/8 եզրափակչի 8 մրցախաղից 4-ում հաղթողներին որոշելու համար հարկ է եղել խաղարկել լրացուցիչ պարտիաներ: Թայ-բրեյքում իրենց մրցակիցներից ուժեղ են գտնվել և քառորդ եզրափակչի ուղեգրեր են նվաճել Ցզյու Վենցզյունը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Հարիկա Դրոնավալին ու Տան Չժունչին: Ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգրեր էին նվաճել Աննա Մուզիչուկը, Անտուանետա Ստեֆանովան, Նի Շիցյունն ու Նանա Դզագնիձեն:
1/4 եզրափակչի մրցախաղեր`
Տան Չժունչի - Ցզյու Վենցզյուն
Հ. Դրոնավալի - Ն. Դզագնիձե
Ա. Մուզիչուկ - Ա. Ստեֆանովա
Նի Շիցյուն - Ա. Կոստենյուկ