Հայ հեծանվորդները պատրաստվում են կարևոր ստուգատեսերի
Հայ հեծանվորդները Երևանում նախապատրաստվում են մրցաշրջանի գլխավոր մեկնարկներին: Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզումները ֆրանսիական «Շարվե Շավայնե» ակումբում, որի կազմում հանդես կգա տեղական մի քանի հեծանվավազքերում: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում հայտնել է հեծանվավազքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
«Մայիսին Մոսկվայում երկրորդ անգամ կմասնակցենք Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Կմեկնի Էդգար Ստեփանյանը ու ևս մեկ մարզիկ, որի անունը պարզ կլինի ավելի ուշ: Մրցաշրջանի առաջին կարևոր մեկնարկը Անադիայում է (Պորտուգալիա), որտեղ հուլիսի 18-ից 27-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 19 և 23 տարեկանների առաջնությունը: Յուրաքանչյուր տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի մեկական մարզիկ»,- նշել է մարզիչը:
Ազգային ֆեդերացիան պլանավորում է մայիսին անցկացնել խճուղային, հունիսին` հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունները: Հոկտեմբերին Բեռլինում տեղի կունենա Եվրոպայի Էլիտայի (մեծահասակներ) առաջնությունը, իսկ նոյեմբերին կկայանան 2017/2018 թթ. աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային երկու փուլերը:
«2018 թ. կմասնակցենք աշխարհի գավաթի ևս երկու փուլերի, որոնք ինչպես նաև Եվրոպայի առաջնությունը, աշխարհի առաջնության վարկանշային մրցումներ են: Առաջնության անցկացման վայրը դեռ որոշված չէ»,- ասել է Գյոզալյանը: