ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է իր ՀՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելությունը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ-ը, երեկվանից սկսել է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենն ասաց, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԿԸՀ-ում:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի իշխանություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար մեզ հրավիրելու համար: Մենք հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է կառավարության անունից: Լիահույս ենք, որ կաշխատենք իշխանությունների, կուսակցությունների, քաղհասարկության հետ, համոզված ենք, որ նրանց գործունեությունը մեզ հետ կլինի բաց և թափանցիկ»,- նշեց նա:
Յ. Պետեսենը տեղեկացրեց, որ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը կազմված է 13 պետություն ներկայացնող 14 փորձագետից, ովքեր աշխատանքի են անցել երեկվանից, անդրադառնալու են բոլոր այն խնդիրներին, թեմաներին, որոնք ներկայացնելու են իրենց զեկույցներում:
Նա ասաց, որ իրենց առաջիկա օրերին կմիանա երկարաժամկետ 28 դիտորդ, ովքեր կտեղակայվեն ողջ երկրի տարածքում, հաջորդ շաբաթվանից կտեղեկացնեն իրենց դիտարկման տարածքում իրենց արձանագրած զարգացումների մասին: Քվեարկության օրվան մոտ Հայաստան կգան կարճաժամկետ 250 դիտորդ՝ դիտարկելու քվեարկության գործընթացը:
Դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով, արդեն Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ը դիտորդական առաքելություն է իրականացնում 11 անգամ: Դիտարկումն իրականացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ստանդարտ մեթոդաբանության համաձայն, որը մշակվել է ԵԱՀԿ մասնակից պետության 300 ընտրության դիտարկման հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան