Թալիշի զինվորական շտաբում տեղադրվել են լուսադիոդային լամպեր ու արևային ջրատաքացուցիչ
Փետրվարի 19-ը «Լուսավոր Սահման» նախաձեռնության համար նշանավորվել է հերթական բարեգործական այցով: Այս անգամ նախատեսվել էր լուսավորել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում:
Ինչպես տեղեկանում ենք «Լուսավոր Սահման»-ի տարածած հաղորդագրությունից, կամավորական նախաձեռնության նպատակը սահմանամերձ բնակավայրը էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերով ապահովելն ու «Շտիգեն» ընկերության կողմից արևային ջրատաքացուցիչ տեղադրելն էր: Այցի ընթացքում սահմանամերձ բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվել են լուսադիոդային լամպեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ «Շտիգեն»-ի կողմից: Եվս 185 լամպեր տրամադրվել են Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով:
Նախաձեռնության անդամներին այցի ողջ ընթացքում ուղեկցել է Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Վերջինիս հետ քննարկվել են բնակավայրի վերականգնման վերաբերյալ մի շարք հարցեր: Այժմ ԼՂՀ կառավարությունը Թալիշի զարգացման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում, որոնց ավարտից հետո այն կդառնա սահմանամերձ ամենաժամանակակից բնակավայրը: «Լուսավոր Սահման»-ը և «Շտիգեն» ընկերությունը հորդորում են այլ ընկերությունների իրենց ներդրումն ունենալ Թալիշի վերակառուցման գործում:
Նշենք, որ «Լուսավոր Սահման»-ն արդեն լուսավորել է Տավուշի սահմանամերձ վեց գյուղերի ընտանիքների տներ: Կամավորական նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:
Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում