Արցախում հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների աղաղակող երևույթներ չեն արձանագրվել. ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արցախում նախօրիեն կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների աղաղակող երևույթներ չեն արձանագրվել: «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Սահմանադրական հանրաքվե Արցախում. գնահատականներ և դիտարկումներ» քննարկմանը տեսազանգի միջոցով ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանը:
«Որոշակի մտահոգություններ կան, մասնավորապես, այսպես ասած «ակտիվությունը» որոշ շրջաններում, որոնք կասկածների տեղիք են տալիս: Բայց տեղամասերում մեր հանձնաժողովի անդամները, դիտորդները, ընտրախախտումների առանձնակի աղաղակող երևույթների չեն հանդիպել, չհաշված մեկ-երկու դեպք»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը վստահություն հայտնեց, որ էական խախտումներ չեն արձանագրվել, սակայն նա դրական չի գնահատում. «Հայաստանում առաջիկա ընտրություններն էլ ևս քիչ խախտումներով կգնան: Հիշեցնեմ, որ սովետական տարիներին էլ խախտումներ չկային, մարդիկ իրենց ոտքով գնում էին ընտրության, քվեարկում այն, ինչ ուզում էր իշխանությունը: Սա ցույց է տալիս, որ մենք նահանջ ենք ապրում»:
Նա նաև նշեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն գտնվում են նույնպիսի ռազմաքաղաքական իրավիճակի մեջ, նույնպիսի ռազմաքաղաքական մարտահրավերների առաջ:
«Հայաստանում արվեցին սահմանադրական փոփոխություններ այն նպատակով, պատճառաբանությամբ, որ կառավարման խորհրդարանական ձևն ավելի ժողովրդավարական է, ճիշտ է, ապահովում է ճիշտ կառավարում ներկա պայմաններում: ԼՂՀ-ն, ի տարբերություն Հայաստանի, քանի որ ճանաչված չէ, պետք է ավելի ժողովրդավարական լինի՝ աշխարհին ցույց տալու համար, որ ստեղծվել է ժողովրդավարական երկիր: Քանի որ ինձ համար պարզ չէր այս երկու սահմանադրական փոփոխություններն էլ, հետևաբար, ինձ համար անընդունելի է»,- ասաց Ա. Պապյանը:
ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը տեսազանգի միջոցով ասաց. «Վստահ եմ՝ այս փոփոխությունները հստակ կատարվել են մեկ անձի իշխանության վերարտադրության համար: Վստահ եմ, որ «կողմ»-ի քարոզարշավի երկու քաղաքական ուժերն էլ՝ «Արցախի ժողովրդավարական» և «Ազատ հայրենիք», 2017 օգոստոսին, երբ մոտենա նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը, ԱԺ-ում անցումային շրջանի համար կառաջարկեն հենց Բակո Սահակյանի թեկնածությունը՝ որպես անցումային շրջանի նախագահի թեկնածու»:
Քաղաքագետ Միքայել Զոլյանի խոսքով, ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն իրեն ավելի են անհանգստացանում, քան այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Արցախում կան այլ մեխանիզմներ, որոնք թույլ կտան վտանգի դեպքում համախմբվել, ելքեր գտնել, Հայաստանի դեպքում ավելի դժվար կարող է լինել:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Ադրբեջանի սև ցուցակներ կազմելու ջանքերը չեն աշխատում
- Արցախի Հանրապետության ճանաչումը Ժամանակի հարց է. Շարմազանով
- 69 հազար 540 հոգի կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին. Սրբուհի Արզումանյան
- Վլադիմիր Եվսեև. «ԼՂՀ-ն դեմոկրատական երկիր է»
- Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին