Ղազարյան. «Փորձենք համատեղ ուժերով նպաստել սպորտի մասսայականացմանը»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շարունակվում են լսումները մարզաձևերի մասսայականացման ուղղությամբ: Այսօր այդ նպատակով տեղի է ունեցել հանդիպում թաեքվոնդո, բասկետբոլ և եռամարտ մարզաձևերի ֆեդերացիաների հետ:
Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկաների հետ խոսել է հանդիպմանը մասնակցող մարզաձևերի զարգացման և մասսայականացման համար առավելապես Հայաստանի մարզերի մարզական ներուժի ուսումնասիրման անհրաժեշտության մասին:
«Փորձենք համատեղ ուժերով նպաստել սպորտի մասսայականացմանը: Մեր այսօրվա հանդիպմանը մասնակցող մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքում մեծ ուշադրություն է դարձվում սպորտի բարձրագույն նվաճումներին: Խնդրում եմ ձեր աշխատանքային ծրագրերում տեղ հատկացնել նաև մասսայական սպորտին»,- Ղազարյանի խոսքերն է մեջբերում նախարարության պաշտոնական կայքը:
Ներկաների կարծիքով՝ մարզերում սպորտի մասսայականացման համար մեծ ազդակ կարող է դառնալ ինչպես հանրահայտ մարզիկների անձնական օրինակը, այնպես էլ այդ տարածաշրջանում տվյալ մարզաձևի մասնագետի առկայությունը: Նրանք համակարծիք են եղել նաև, որ հնարավորության դեպքում կարելի է օգտվել հանրակրթական դպրոցների մարզաբազաներից՝ այդ դպրոցների մարզադահլիճներում և մարզադաշտերում մարզումներ կազմակերպելու համար:
Նախարարի տեղակալը ներկաներին խնդրել է իրենց մարզաձևերի մասսայականացման նպատակով երկշաբաթյա ժամկետում նախարարության համապատասխան ստորաբաժանմանը ներկայացնել առաջարկությունների փաթեթ և գործողությունների ծրագիր: