Առողջապահության նախարարությունը մի շարք դեղատներում կեղծ դեղեր է հայտնաբերել
ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծ դեղեր է հայտնաբերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ արձանագրվել և փորձաքննության են ուղարկվել Հայաստանում օրինական ներմուծված և գրանցված լինելու առումով կասկած հարուցող մի շարք դեղեր:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց, որ Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018թ.) և Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գ դեղերի նմուշների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կեղծ են:
«Երկու դեղն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նշից», - պարզաբանեց Հակոբ Թոփչյանը:
Այսպիսով` ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող և չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 դեղը` տարբեր դեղաչափերով և քանակներով:
Բանախոսները հորդորեցին կասկածելի փաթեթավորմամբ կամ մակնշմամբ դեղեր չգնել և անմիջապես ահազանգել առողջապահության նախարարություն:
Նշենք, որ կեղծ դեղերի շրջանառությանը վերաբերող հարցերը գտնվում են իրավապահ մարմինների իրավասության դաշտում, որի կապակցությամբ գործի հետ կապված բոլոր նյութերը, ըստ ընթացակարգի, ուղարկվել են համապատասխան կառույցներ հետագա ընթացքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա