Հակոբ Սերոբյան. «Ցանկանում ենք ավելացնել ուսումնամարզական հավաքների քանակը»
Մարտի 2-4-ը Երևանում կանցկացվի սպորտային մարզմնամարզության Հայաստանի առաջնությունը: Ստուգատեսի արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Գլխավոր թիմն այժմ մարզվում է Երևանում, իսկ մարտի 9-20-ը մարմնամարզիկները հավաքի կմեկնեն Քաթարի մայրաքաղաք Դոհա: Այնուհետեւ, մարտի 20-25-ը հայ մարմնամարզիկները նույն տեղում կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում կլինեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը:
Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա ապրիլի 14-25-ը` Բուխարեստում: Այնտեղ թիմին կմիանա ևս երկու մարմնամարզիկ, ամենայն հավանականությամբ` Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը:
«Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Մոնրեալում տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Դեռևս հայտնի չէ` թիմային պայքարին կմասնակցենք, թե ոչ: Դա կախված է մի քանի գործոններից: Այս տարի հատկացված հավելյալ պետական ֆինանսավորմամբ ավելի շատ ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք: Կփորձենք հավաք ունենալ Փարիզում, որտեղ սեպտեմբերին կկայանա Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Իսկ որպես այլընտրանք` քննարկում ենք աշխարհի առաջնությունից առաջ Թբիլիսիում մարզվելու հարցը»,-ասել է Սերոբյանը: