Չեխ դիտորդը տպավորված է Լեռնային Ղարաբաղով
Չեխ գրող-ակտիվիստ Յանա Հրադիլկովան, ով դիտորդական առաքելություն է իրականացնում արցախյան սահմանադրական հանրաքվեի շրջանակներում, հիանալի տպավորություններով է կիսվել լրագրողների հետ զրույցում:
«Իմ ստացած տպավորությունները հիանալի են: Մենք այցելել ենք Մարտակերտի շրջան, Մատաղիս, որտեղ ամեն ինչ շատ լավ էր: Մենք այնտեղ նաև խոսեցինք մարդկանց հետ, հաճելի զրույցներ ունեցանք, տեսանք նրանց տոկուն կամքը՝ զարգացնելու և շենացնելու իրենց երկիրը», - ասել է դիտորդը:
Չեխ գրողը դրական է գնահատել հանրաքվեի ընթացքը և կարևորել է մարդկանց ինքնակազմակերպման դրսևորման այս ձևը:
«Ես վերջին անգամ այստեղ եղել եմ 2015թ-ին և այժմ չափազանց տպավորված եմ, թե մարդիկ որքան ուժեղ են և ինչպես են կարողանում պահպանել անկոտրում ոգին:
Անդրադառնալով Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հավանականությանը չեխ հրապարակախոսն ընդգծեց, որ իրեն չի հետաքրքրում այդ «սև ցուցակը», և իր համար կարևորն այն է, որ ինքն ականատես լինի Արցախում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացին:
«Ես շատ կուզենաի նաև լսել մյուս կողմի հիմնավորումները, սակայն դրանք բացակայում են», - ասել է Յանա Հրադիլկովան:
Միջազգային դիտորդը, անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանը և արտահանձնմանն Ադրբեջանին, ասել է, որ դրանք ընդամենը քաղաքական խաղեր են և իրենց համար ավելի կարևոր է տեսնել, թե ինչպես են մարդիկ ինքնակազմակերպվում և զարգացնում իրենց երկիրը: