Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-24-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: