Էրդողանի հակաիրանական հայտարարության պատճառով Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է ԱԳՆ,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Բահրեյնում Թուրքիայի նախագահի և Մյունխենում այդ երկրի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությունների առնչությամբ Իրանի ԱԳ նախարարությունն իր բողոքն է ներկայացրել թուրք դեսպանին:
Իսկ մինչ այդ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններում վերջին շրջանում առաջացած լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուսով ենք Թուրքիայի քաղաքական գործիչներն Իրանի վերաբերյալ արած իրենց հայտարարություններում ավելի զգույշ և կշռադատված կլինեն: Թուրքիայի հարցում Իրանը դեռ համբերելու է, սակայն համբերությունն էլ սահման ունի»:
Հիշեցնենք, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»: