Մնացական Բիչախչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Արտառոց որևէ բան չկա, ահագնացող երևույթ չեմ նկատել»: Panorama.am-ի հետ զրույցում արձագանքելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, այս տարվա հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում հաշվառման վայրը փոխել է ՀՀ ավելի քան 7 հազար քաղաքացի:
Բիչախչյանն ասաց, որ Փաշինյանին տրամադրել են ինչպես 2017-ի, այնպես էլ 2016-ի նույն ժամանակահատվածի վերաբերյալ տվյալներ:
«Հայաստանի ողջ տարածքում 2017թ.-ի հունվարի 10-ից փետրվարի 10-ը արձանագրվել է հաշվառման վայրի 7077 փոփոխություն, իսկ 2016թ.-ի հունվարի 10-ից փետրվարի 10-ը գրանցվել է հաշվառման վայրի 5834 փոփոխություն: Խոսքը վերաբերում է միայն ընտրելու իրավունք ունեցող անձանց: Եթե մենք խոսում ենք ահագնացող մեծ թվի մասին, ապա չեմ կարծում 7077-ից հանենք 5834, կստացվի մեծ թիվ: Սա իմ կարծիքն է»,-ասաց Մ. Բիչախչյանը:
Ոստիկանության պաշտոնյայի խոսքով, իրենք իրավասու չեն քաղաքացու դիմումը մերժել, եթե ներկայացվում են օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:
«Իրավասու չենք նաև մեկնաբանելու դա պայմանավորված է ընտրություններո՞վ, թե՞ այլ հանգամանքով: Իրավասու չենք պահանջել այլ փաստաթղթեր, հիմնավորումներ, անկախ այն բանից, թե ինչ նպատակով է տեղի ունենում փոփոխությունը»,-ասաց նա:
Բիչախչյանն անդրադարձավ այն լուրերին, որ Զեյթունի հանրակացարանում գրանցվել է 1000 անձ: Ստուգել են, տեսել, որ հունվար-փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդամենը 8 մարդ է հաշվառվել:
«Եկեք կողքի խոսակցությունները դնենք մի կողմ, զբաղվենք լուրջ գործերով: Հրապարակել ենք ընտրողների ցուցակները»,-ասաց Մ. Բիչախչյանը:
Մամուլում հրապարակումներ եղան, որ «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր հանդիսացող պատգամավոր Արտակ Սարգսյանն իր աշխատակիցներին ստիպում է հաշվառվել Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է: Բիչախչյանից հետաքրքվեցինք, կա՞ վիճակագրություն, թե որ հասցեից են դուրս եկել քաղաքացիները և որտեղ են գրանցվել:
«Սա ամբողջ հանրապետության տարածքում է: Հիմա պատկերացնո՞ւմ եք, 7 հազար քանիսին հատ-հատ հանենք, վերլուծություն անենք: Հավատացեք, նման վիճակագրություն չկա»,-պատասխանեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ահազանգում է. Հայաստանում ընտրողների զանգվածային տեղաշարժեր են գրանցվում
- Արաբկիրում թեժ պայքար է սպասվում. ՍԱՍ-ի Արտակը մրցակցելու է Ալբերտ Երիցյանի հետ. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին