Դե Բրայնե. «Մոնակոն» շատ հզոր հարձակման գիծ ունի»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրայնեն կիսվել է «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից իր ակնկալիքներով։
«Գիտենք, որ մեր առջև բարդ խնդիր է դրված։ «Մոնակոն» փայլուն խաղ է ցուցադրում Ֆրանսիայի առաջնությունում, և մենք նույնպես պետք է լավ կատարենք մեր աշխատանքը՝ ելույթները Չեմպիոնների լիգայում շարունակելու համար։ Մարդկանց համար կարևոր է տեսնել, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում,- Դե Բրայնեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Անձամբ ես այնքան էլ լավ չեմ ճանաչում «Մոնակոյին», սակայն կարծում եմ, որ կուսումնասիրենք մրցակցին ու կնախապատրաստվենք։ Նոր ենք անցկացրել գավաթային խաղը և ընդամենը 36 ժամ ունեինք նախապատրաստվելու համար։
Ֆրանսիացիները շատ հզոր հարձակման գիծ ունեն, տաղանդավոր երիտասարդները մեծ թիվ են կազմում։ Այս տարի «Մոնակոյի» համար ամեն բան լավ է դասավորվում։ Ֆալկաոն վերադարձել է իր սովորական մակարդակին։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, անկախ այն բանից, որ վերջին տարիներին շատ դժվարություններ է ունեցել։ Ֆուտբոլում նման բաներ լինում են»։
Ավելացնենք, որ «քաղաքաբնակների» ու «Մոնակոյի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, Մանչեսթերում։